понедельник, 12 июля 2010 г.

Վարդավառ, կամ արի նենց ջրեմ`գնաս տուն ,տնեցիք մրզեն-կամպոտ սարքեն


Առավոտ էր, Մասսիվյան լուսապայծառ առավոտներից մեկը: Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Միշա պապիի բուդկայի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում, զի մեր մոտից ձև չի այն երևար ու դժվար թե նա այս շոգին-կրակին դեռ պատած լիներ ձյան ճերմակ մշուշով որպես մի ամոթխած հարսիկ, որը կսքողեր իր դեմքը անթափանցիկ շղարշով : Ու հե՜րն էլ անիծած, որ սա երգիս հետ կապ չունի, զաթո ես գրել եմ այն, որ բռնի … :D
Գեղեցիկ էր այս առավոտը : Շենքի անգյալ ժողովուրդը հավես չէր արել վաղ առավոտով զարթնել : Կարիք չկար. օրը կիրակի էր ու տոնական :
Ողջ գիշեր չէր քնել ու էդպես էլ արթուն էր մնացել միայն շենքի խաղաղության աղավնի, թաղի ամեն հարցերում ճիշտը որոշող, նախկինում դատապարտված ,այնուհետև ապաշխարած ու այժմ իրեն անմեղ ու ներված համարող եսիմ որ աղանդին պատկանող Նորիկը : Նախորդ օրը Նորիկը հավաքել էր շենքի ճժերին ու քարոզ էր կարդում նրանց գլխին այն մասին,որ այս տոնը բնավ մեր կրոնին չի պատկանում և հարիր չէ՜ քրիստոնյաներին նշել այն ինչպես երբևէ նշում էին մեր հեթանոս նախնիները ,ու որ հավուր պատշաճի չէ,որ մինչ օրս այս մասին նրանց ծնողները իրենց տեղյակ չեն պահել : Իմեննը մեր շենքի բնակիչներին բնորոշ զիլ բթությամբ օժտված երեխաները չէին հասկացել Նորիկի գրական բառապաշարը ,նրա “հարիր”-ներն ու “հավուր պատշաճի”-ները ու կարծելով թե ցնդած էակը քֆուր-քյաֆար է կապել` մարդ ա մի-մի հոգու ղրգել էին Նորիկի վրա ատչոտի: Նորիկը մինչև լուսածագ բոլոր այս թշվառ արարածների մեղքերի համար ապաշխարանք էր հայցում :
Քարոզը ստիպել էր ժողովրդին մի քիչ կաշկանդվել : Ոչ-ոք չէր հանդգնում առաջին քայլն աներ ու մի լավ դիմացինին ջրեր .բոլորն իրենց համար լռված էին թթված դեմքերով :
Խիզախ գտնվեցին ու բակ դուրս եկան շենքի ամենաբամբասկոտ, բոլորի ոսկորները ռենտգենոլոգիայի հմուտ բժիշկներից էլ լավ լվացող հայ երկու փափկասուն տիկնայք: Նրանց բամբ ձայնից միշտ էլ զրնգացել է մեր շենքը, ու թեկուզ,որ նրանք խոսեին շատ ինտիմ թեմաներից, մենք միշտ էլ ակամայից ունկնդրել էինք նրանց զրույցին: Էս անգամ զրույցը սկսվել էր Վարդավառի իսկական անունը որոնելուց: Տիկնանցից վեհագույնը `Սիլվան , իր վեհ կարծիքը հայտնեց ու ասաց, որ տոնն այս ի սկզբանե կոչվել է Վարդեվոր ու դա գալիս է հին ժամանակներից,երբ յանի տղան աղջկան ջրելուց ինքն իրեն հարց է տվել. “ Մի՞թե էս աղջիկը վարդ է, որ հլը ես էլ ջրում եմ սրան ” ու էդպես “Վարդե[վ]ո՞ր”-ը հասել է մեզ : Ու մինչդեռ Մարգոն չէր համաձայնվում Սիլվայի վառ երևակայությունից ծնված տուպոյ ասույթի հետ` ի հայտ եկավ Կարինեն ու աղաղակեց ի լուր ողջ շենքի. “ Թարգե՛ք աղջկերք,ո՛չ Վարդավառ ա,ո՛չ Վարդեվոր, ո՛չ էլ` շատ իմանամ ինչ: Էսօր Ջրոցին ա հարևաններ ի՛մ, եկե՜ք վեդռոն վեդռոյին տանք ու մի լավ տժժցնենք ինչպես մեր պապերը տժժցրին երբևէ…” : Կյանքով լցված այս տիկնոջ խոսքերը ասես ոգևորեցին բնակիչներին համախմբվել շենքի թասիբի համար շատ կարևոր այս հարցի շուրջ : Ու ձեն ձենի տված` հավաքվեցին մեծերն ու փոքրերն իմ շենքի,որոնք իրենց հետ բերել էին շշեր բազում, վեդռոներ լիքը ու գույնզգույն , շլանգներ պարսկական ու մինչև անգամ ղզղաններ տարբեր…
Երկար ժամանակ իրեն զսպած ամբոխը պոռթկաց հանկարծակի, ու սկսվեց ջրոցի՜ն,որպիսինը միայն իմ շենքում կարող էր լիներ: Մոռացած տարբեր վեճերի ,ջրաչափի արագ ֆռռացող սլաքների ու մնացած ամենի մասին` ժողովուրդը խառնվել էր իրար ու ցնծու՜մ էր,ցնծու՜մ ... Եթե ուզեին՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված -Ինչե՜ր,ինչե՜ր միայն չեն կատարի մեր շենքի բնակիչները գրգռված...
Ինտիլիգենցիայի վառ ներկայացուցիչ ու կապտարյունների դասակարգին պատկանող Անոյի դուստր Քրիստինան,որը միշտ աչքի էր ընկել բարձրաշխարհիկներին վայել իր վարքուբարքով, եկել էր կոֆեի բաժակով չգիտեմ ոնց հանրությանը ջրելու.այլ կերպ լինել չէր կարող ,չէ՞ որ նա վեհ է :
Շենքի վրա անկապ տեղը քեն պահող Արև տատին էր անգամ մասնակցում այս տոնախմբությանը: Նրա քմծիծաղից ու բավարաված հայացքից կարելի էր հասկանալ,որ ղզղանի պարունակությունը կակ մինիմում կեղտոտ ամանների ջուր էր ,ու այդ կայֆը առաջինը վայելեց շենքի մշտական յուրահատուկ քրտնահոտն ապահովող, Դարվինի տեսության ճշտությունը միանգամայն ապացուցող Արմենը,որի ոսկորներն ու մաշկը տարիներով ջրի երես չէին տեսել բնավ: Արմենը չզսպեց գայթակղությունն իր ու իսկույն ևեթ բացականչեց. “Ամա՜ն, կայֆ…”, մտքում շարունակելով` “Էլի՜, էլի՜ եմ ուզում ,Արև տատ, էլի՜…” :
Իսպանիային բալետ անող Սուրիկ պապին ու Հոլանդիայից եկած տարբեր տեսակի դրական լուրերի կողմնակից Վազգեն պապին, մոռանալով, որ պռածիվնիկ են իրար, ևս ուրախությամբ թրջվում էին` չնայած տարիքին ու իրենց առողջությանը սպառնացող բազում բացիլների : Խալխի թաղերից բազում չուժակներ էլ էին միացել մեր այս միասնական տոնակատարությանը :Բացել էր սաղին մի տեսակ :
Ես ջրում էի իմ հարևանությանը լոկ պատուհանից : “Անարդա՜ր է” ,- գոչեց հարևաններից մեկը … “Իջի՜ր Օֆ, կա՜յֆ ա”,-շարունակեց մյուսը ,“Թե չիջնես `կգամ ձեր տանը կջրեմ,Օ՜ֆ”,- անկապ բլթցրեց մեկ ուրիշը : Բայց ես չէի ուտում նրանցից և ոչ ոքի կուտը ու իմ գյոզերով իմ սև գործն էի անում :
Այդ պահին մեզ դուրեկան էր անգամ Ասոյի ավտոյից հնչած “Կայֆույեմ”-ը ,Արմենչիկի սինգլն ու Տատյանա Բուլլանովայի “վերջին” հիթերը :
Ու չնայած ,որ այս տոնը բնավ մեր կրոնի հետ կապ չուներ, ու որ երկնային կյանքում մենք գուցե արժանանանք բազում պատիժների, ու չնայած որ վաղը կամ մյուս օրը մեր հոգիներն ու մարմինները հարբուխի բացիլները կպարուրեն, մենք ուրախացա՜նք մի լավ, մենք ջրվեցի՜նք մի լավ, ու ինչպես կասեր Կարինեն` մենք տժժցրի՜նք մի լավ ինչպես երբևէ տժժցրին մեր նախնիները :

Комментариев нет:

Отправить комментарий