понедельник, 28 июня 2010 г.

Հեռու՜...

-Ուրեմն չե՞ս գալիս,-
Իմ իսկ տված հարցին
Ինքս եմ պատասխանում խոցված հպարտությամբ.
-Ինքդ գիտես...


Իսկ դու ...
Ինքդ էլ գիտե՞ս արդյոք, որ խուսափման ուղին
Կյանքում գուցե կարճն է ճամփաներից բոլոր
Եվ նույն տեղն է բերում արագորեն,նորեն:
Ուրեմն էլ ինչու՞ ես զուր խուսափել ջանում:

Մոռացե՞լ ես գուցե:
Բայց դու գիտես հաստատ,
Որ ես մոռացության բոլոր օրենքներից
Մեկն եմ լոկ ընդունում`
Այն, որ սահմանել է հպարտությունն ինքը,
Երբ խոցել են սրան ` գազանի պես:
Իսկ ես... ու քեզ խոցե՞լ ինչ – որ բանով:

Եվ մի՞թե չես տեսնում դու իմ քնքշությունը,
Եվ իմ մեղմությունը դեռ չե՞ս զգում միթե:

Ախ այս քնքշությունը, որ ինձ կապոտել է,
Ինչպես Գուլիվերին ` թզուկները...
Ախ այս մրրկանման մեղմությունը,
Որով պաշարված եմ և օղակված այսպես,
Ինչպես մայրցամաքը` օվկիանոսով:
Ախ այս «ախ» - ը նաև,
Որ կպել է լեզվիս
Անոթության ծնած փառի նման,
Եվ ինձ կպատճառեր սրտախառնուք, անշուշտ,
Թե չլիներ համիդ նշխար – մնացորդը,
Որով փաթաթվում եմ ես սրբորեն, նորեն`
Առանց հաղորդության սպասելու հույսի:
Թե չլիներ համիդ նշխար – մնացորդը...

Իսկ դու գիտե՞ս արդյոք, որ դու բնավ դու չես.
(Ոչ զարմացած նայիր, ոչ ծիծաղիր):
Հաստատ գիտեմ, որ դու դարեր առաջ
Ձիթապտղի նազուն ծառ ես եղել,
Հետո (ինչ՞ իմանամ ,թե քանի դար հետո)
Երկրորդ անգամ կրկին աշխարհ գալիս
Կին ես դարձել արդեն...
Գիտեմ, հաստատ գիտեմ,
Թե չէ այդ ինչի՞ց է ,որ քո շրթունքները
Հասուն ձիթապտղի համ են տալիս...

Հիմա ինչ՞ ես ասում . դու չե՞ս գալիս:
Ինչ է , կամենում ես, որ ես մեռնեմ
Մի անպտուղ ծառի դանդաղ մահո՞վ`
Երկար հոգեվարքիս ողջ ընթացքում
Անվերջ երազելով ձիթապտղի մի ծառ`
Հեռու՜ - հեռու ինձնից,
Քո չափ հեռու՜...
Պ. Սևակ

Комментариев нет:

Отправить комментарий