среда, 10 февраля 2010 г.

Իբրև նամակ


      Հաղթահարելով զարտուղի լաբիրինթոսը,այնուհանդերձ,դու կգաս: Ստացված հատակագծին վստահելով ,դու ,վերջապես կգաս կհասնես այս ապաստարանը: Շունչդ պահած` կբախես դուռը,բայց չգիտես ինչու  պատասխան չի լինի:
      Քեզ հարկավոր կլինի նա, և դու ներս կնայես: Բայց չես տեսնի ոչ նրան և ոչ էլ որևէ մի բան որը կհիշեցնի նրան: Դա մռայլ մի սենյակ կլինի,որտեղ կսավառնի ամայության ոգին : Աղոտ պատի տեսքը քեզ կստիպի ցնցվել : Թեև մեղավոր կզգաս քեզ և կուզենաս հեռանալ,բայց աչքովդ կընկնի սեղանին դրված մի նամակ : Հենց այդ պահին էլ կկռահես,որ ծուղակն ես ընկել: Ինչպիսի դառը մտքեր էլ պարուրեն քեզ այդ րոպեին,միևնույն է,անհնար կլինի հաղթահարել գայթակղությունը:Դողացող մատներով կպատռես ծրարը և հիմա կսկսես նամակը կարդալ…
      Դու ,երևի,չարություն կզգաս…դու,երևի,վիրավորանք կզգաս: Բայց ես կդիմանամ քո պիրկ,ասես սեղմված զսպանակի պես հայացքին: Ինչ էլ որ լինի՜,ուզում եմ,որպեսզի շարունակես կարդալ: Ես որևէ հույս չունեմ ,թե բարեհաջող հաղթահարելով այս րոպեները,գեթ մի քայլ կկատարես դեպի իմ կողմը: Գոյությունդ է ինձ ոչնչացնում,թե բացակայությունդ… Դու ոչնչացնում ես ինձ: Եվ իմ մեջ վերջացող թմրամոլի պես օրեցօր ավելի է ուժգնանում քեզ տեսնելու ցանկության  չափաբաժնի կարիքը : Համենայն դեպս դիմակների ողբերգության  վարագույրը իջել է : Ես ինքս ինձ հայտարարել եմ հանցագործ, և ուզում եմ մինչև վերջ ամեն ինչ խոստովանել : Մեծահոգաբար կամ ոչ, ուզում եմ ,որ շարունակես կարդալ : Նա,ով պատժելու իրավունք ունի,պարտավոր է նաև լսել մահապարտի ցուցմունքները : Եվ քո առաջ այսպես ծնկաչոք  եկածից հեշտությամբ երես թեքելը  կասկածներ չի՞ ծնի արդյոք ,թե՞ դու ևս մեղսակից ես: …
           Եվ մինչ դու աչքի կանցկացնես իմ ցուցմունքները,դիմակների ողբերգության ավարտը է՜լ ավելի հավաստի դարձնելու համար վարագույրի պատառոտված տեղերը կարկատելով,ես պատրաստ եմ սպասել ինչքա՜ն ուզես: Ի դեպ,հիշողությունները թույլ էլ չեն տա ,որպեսզի ձանձրանամ…և դու շարունակի՜ր կարդալ…Ու քո հայացքում թեպետև ամեն անգամ կարդում եմ  “Սա կանցնի՜ շուտով”,սակայն որպես պատասխան քո հայացքի `ես դնում եմ մի անհիշատակելի ժամանակից ծնունդ առած անսահմանության նշան…
          Ես նորից զգում եմ ,թե ինձ ուր է հասցնում ժամանակի սղությունը: Գրածներս կարծես արդարանալու փորձ լինեն: Բայց նման զգացողությունը անխուսափելի է,ասես կործանելու համար ստեղծված, անձրևաթաթախ այս գիշեր,երբ ոսկորներիդ մեջ թափանցող խոնավությունն էլ  խռովում է հոգիդ: Իսկ ես երբևէ՞ ասել եմ, թե որքան եմ սիրում քեզ… Իսկ դա երբևէ՞ հետաքրքրել է քեզ: Երբեմն լռությունն ավելին կարող է ասել, քան խոսքերը: Իսկ թե խոսքերիս ծարավ կզգաս, ես պատրաստ եմ դառնալ  մի բթամիտ թութակ,որը ‘’Ես քեզ սիրում եմ’’-ից բացի `չգիտի ոչինչ: Ու բոլոր դեպքերում `ես նախընտրում եմ “համարյա  քեզ հետ”-ը “գրեթե առանց քեզ”-ից :
      Այլևս երբեք գրել չեմ կարողանա: Ըստ երևույթին պետք է գրել այն ժամանակ,երբ ոչինչ չի պատահում…

4 комментария: